Երեկ հասցրեցի մի քանի կողմից լուսանկարել Նժդեհի արձանը քանի դեռ չէին ծածկել այն: Ինչ խոսք նոր գործերը շատ են զիջում հներին: Ռեալիստական ոճն իրականում ամենաբարդն է և մեր ազատական օրերում անկում է ապրել: <<Ժամանակակից արվեստ>> ծնելու բաղձանքով տարված ստեղծագործողները կենտորնացել են ծռմռված ու վերացական ձևերի վրա, իսկ թարմ մտածողությամբ ու նոր լուծումներով ռեալիստական ուժ ստանալու համար էլ մեծ տաղանդ ու աշխատասիրություն է պետք, որի հավեսը նորարարները շատ դեպքերում չունեն: Ռեալիզմը կարծես ռաբիզմների մենաշնորհն է դառել:
Կոնկրետ Նժդեհի արձանի մասին իմ կարծիքը գրում եմ հնարավորինս մանրամասն, որպես ստեղծագործության վերլուծություն:
Մտահղացված է որպես պատկերասրահի առանցքով կանգնող ուղղահայաց կոթողանման հորինվածք և ճարտարապետական լուծումներն ու համաչափությունները համապատասխանում են տարածքին: Քանդակն իր սևագիր վիճակում նույնպես ունի լավ կողմեր. պատվանդանին կանգնած լինելն ու ժայռերի շարունակություն կազմող ստալակտիդանման զգեստն ամուր ռիթմ և մոնումենտալություն են հաղորդում: Սակայն տրամադրությունից գցող են կատարողական անհաջող դրվագները և վատ մշակումը: Առհասարակ մանրամասները, եթե խոսք ասող չեն և որոշակի գաղափար չեն կրում, իրենց վրա են շեղում ուշադրությունը՝ թուլացնելով կերպարը: Տվյալ դեպքում դրանք առկա են ու առկա են վատ որակով: Ծավալի ընդհանուր անհարթ ֆակտուռայի կողքին աչք են ծակում պալիռովկա արած մատներն ու նրանց վրայի կնճիռները, որոնք դեմքից ավելի ցայտուն են: Դրանք նատուռալիստական են, այնինչ դեմքն ավելի պայմանական է՝ մեծ կտորներով ու բեկյալներով արված մազերով: Շորի ծալքերը, որ հին վարպետների մոտ մի ամբողջ երաժշտություն էին ստեղծում և նպաստում էին կերպարի բացահայտմնանը, այստեղ արտահայտիչ են միայն իրենց ժայռանման ծավալներում և ուղղահայաց ռիթմը կորցնելուց հետո անկիրք ու անհաջող շարժումներով էնքան որ աշխատում են տրամաբանական ավարտին հասնել: Դա նկատելի է հատկապես հետևի կողմից վզի մոտ հավաքվող ծալքերում: Հավանաբար փորձ է արված առաջ պարզած թևքի ծալքերն իրենց թեք ռիթմով խոսեցնել տակի աջակողմյան ժայռակտորի ու սրտի մոտ գնացող ձեռքի հետ, բայց տվյալ կապը ընդհանուր վերձիգ շարժման մեջ ինչ որ դիսկոմֆորտ է ստեղծում: Էսքիզային տարբերակում այն շատ ավելի հաջող էր, բայց ավելի բարդ աշխատանք էր պահանջում: Պարզած ձեռքն առհասարակ իր փայլեցված մատներով ու եղունգներով բուտաֆորային է նայվում (լավ է, որ եկար եղունգ չկար մի մատին): Արձանի ներքևում քանդակված թղթերն էլ, որոնց առաջին էջին խոսքեր կան գրված, թեպետ ծավալային առումով ոտքի հպարտ շարժում են թաքցնում, բայց նորից նույն ճաշակով են արված:
Արձանի հակառակ կողմից կոթողաձև սլացիկ մարմնին նստող գլուխը շատ փոքր ու տձև է դիտվում, քանի որ թիկնոցը, որը համարյա գետնին է հասնում, ձուլվելով պատվանդանի հետ՝ կարծես երկարացնում է մարմնի համաչափությունը: Ձեռքերն ահավոր թուլ ու պրոտեզային են: Թիկունքից քանդակը հետարքրքիր չի ընդհանրապես, չնայած որ այդ դիքով է երևում այգու մի մեծ հատվածից: Պատվանդանն ու արձանն էլ տարածականորեն թեպետ հարաբերվում են, բայց ոճային առումով տարբեր են և դասական խստության գիրն ու որոշակի ռեստորանային էֆեկտներ ունեցող բռոնզե արձանը իրար հետ չեն:
Բայց պետք էլ չի նաև ռաբիզի պիտակավորումը ամբողջությամբ փակցնել արձանին, որի թերություններն իմ կարծիքով մեծ մասսամբ տեխնիկական ու կատարողական բնույթ են կրում: Միգուցե նյութն էլ հաջող չի ընտրված և ծանր կոթողային նկարագիրը քարով ստանալն ավելի տեղին կլիներ: Ամեն դեպքում այս նույն հորինվածքն ավելի լավ մշակելու դեպքում մեծ տարբերություն կլիներ գոնե պրոֆեսիոնալիզմի առումով, քանի որ հզոր կերպար ստանալն արդեն տաղանդի հարց է:
Ցավալի է իհարկե, որ անկախ Հայաստանում Նժդեհի պատվին կանգնեցված արձանը, կամ նրա մասին նկարանահանած գեղարվեստական ֆիլմը հեռու մնացին համարժեք կերպար մարմնավորելուց:
Դավիթ Ստեփանյան fb page
www.amediainfo.ru



No comments:
Post a Comment