Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

4/11/14

ՔԱՐՈԶ ԿԻՍԼՈՎՈԴՍԿԻ Ս. ՎԱՐԴԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ, ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Ձեզանից բոլոր նրանք, ովքեր հավատք ունեն և զգացում, հասկացան, որ պատմական օր է այսօր և որը հիշելու ենք մեր ամբողջ կյանքի ընթացքում: Մեր ողջ պատմության մեջ առաջին անգամն է, որ այս քաղաքում հայկական եկեղեցի է օծվում՝ Սուրբ Վարդան անունով, այն քաջամարտիկ զորավարի անունով, որն իր կյանքը տվեց հավատքի և Հայրենիքի համար: Այսօր Մենք հատուկ կերպով եկանք Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից՝ սրբազանների հետ միասին կատարելու այս եկեղեցու օծումը: Ի՞նչ է նշանակում օծում, Սուրբ Մյուռոն՝ Սուրբ Հոգու խորհրդանիշը, որը Սուրբ Էջմիածնում է օրհնվում: Մյուռոնով այս մարմարները, քարերը, սյուները, այս խորանն ենք օծում՝ որպես Աստծու ներկայությունը ձեր մեջ:
Այսօր այս քարերը վերածվեցին համբուրելիք սրբությունների, քանզի հավատքի սպունգ են: Նրանց միջից մեր Գրիգոր Լուսավորչի հավատքն է ճառագայթում: Այսօր ուզում եմ բոլորիդ ասել որ Մենք միայն քարը չօծեցինք, Մենք ձեզ օծեցինք, դուք օծվեցիք, դուք այսօր հոգեպես վերանորոգվեցիք, հավատքի մեջ վերածնվեցիք, և դրա համար ես այս օրը Կիսլովոդսկ քաղաքի համար նկատում եմ մի տեսակ Հոգեգալստի օր: Սուրբ Հոգին է իջել ձեր մեջ, զգացե՜ք, փոխվե՜ք:
Նոր դար ենք ապրում: Ազատության, անկախության այս շրջանը, որ ապրում ենք Հայաստանում և Ռուսաստանում, պետք է հավատքով թրծվի: Առանց հավատքի ազգերը չեն դիմանա: Հավատքն է այն ուժր, որ մարդուն զորություն է տալիս, անհաղթելիություն: Քանի՜֊ քանի՜ հազար եկեղեցիներ մեր թշնամիները քանդեցին, սակայն մեկ եկեղեցի կա, որը չքանդվեց, որը հավատքի եկեղեցին է մեր սրտերում: Դա չի քանդվի, քար չէ: Այդ հավատքը քարը եկեղեցու կվերածի, այդ հավատքն է, որ այսօր պետք է վերանորոգենք մեր մեջ: Ես ուզում եմ, որ ձեր երեխաները այդ հավատքով մեծանան: Այսօր այսքան բազմահազար հավատացյալներ եմ տեսնում, սրտով հրճվում եմ: Սակայն եթե երբեք ուրիշ կիրակիներին այս եկեղեցին դատարկ լինի, ափսո՜ս ձեզի: Եկեղեցին դուք եք, և ձեր երեխաները թող գան, մկրտվեն, երիտասարդները գան, պսակվեն: Եկե՜ք, Աստուծո խոսքը, Ավետարանը այս բեմից լսեք, Սուրբ
Հաղորդություն ստացեք: Եվ այդ ժամանակ է, որ եկեղեցին ձեր կյանքում Եկեղեցի կշինի:
Ես այսօր ցանկանում եմ, որ բոլորդ ձեր առաջնորդի շուրջը բոլորվեք և ձեր կյանքը հային բնորոշ ձևով արժևորեք: Կյանքը ուտել֊խմել չէ, կյանքը հրճվանք չէ: Կենդանիներն էլ են ապրում: Կյանքը հոգի է, մշակույթ, Աստուծո հետ հաղորդություն: Եթե դրանք դադարեն տեղ ունենալ մեր կյանքում, մեր կյանքը կվերածվի կենդանու կյանքի: Եկեղեցին ձեզ այս ճշմարտությունն է ուսուցանում:
Այս երկրում հայի անունը բարձր պահեք: Ամեն անգամ, երբ հայի անունը շոշափվի, հպարտ զգանք: Լծվեցե՜ք գործի, շենացրե՜ք ձեր թեմը, դպրո՜ց բացեք, սովորեցրե՜ք ձեր երեխաներին ռուսերենի հետ միասին հայերեն: Այսուհետ, երբ ես Կիսլովոդսկ ասեմ, ձեզ եմ մտաբերելու: Հրամմեցե՜ք Սուրբ էջմիածին, Մայր Հայրենիք, վերանորոգվեցեք և վերադարձեք նորոգված՝ Աստծու փառքի և մեր ազգի պատվի համար, հավիտյանս հավիտենից. ամեն:
Շնորհավորում եմ ամենքիդ և, որպես հաստատումն և կնիք իմ խոսքերի, այս սկիհը նվիրում եմ այս եկեղեցուն, որը պատրաստված է Սուրբ Էջմիածնում, որ երբ սրանից Սուրբ Հաղորդություն ստանաք, Քրիստոսի մարմնի հետ հայի հոգին, հայի հավատքը ստանաք ու հավերժ ապրեք, ամեն:
Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս (31 օգոստոսի, 1997 թ.)


Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս / Karekin I Catholicos of All Armenians FB page

No comments:

Post a Comment