Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

6/7/14

Կարեն Կարապետյանը վարչապետ դառնալու հա՞յտ է ներկայացնում

Երեք օր առաջ Asekose.am կայքին տված հարցազրույցից հետո ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը կրկին հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հետաքրքիրն այն էր, որ ՀՀԿ-ականի կողմից հնչած սուր քննադատությունը
Կառավարության հասցեին տրամաբանորեն պետք է որ մեծ աղմուկ բարձրացներ եւ դառնար մոտակա ժամանակների ամենասկանդալային իրադարձությունը, սակայն Կարեն Կարապետյանի դեպքում նրա քննադատությունը և ժողովրդի սոցիալական վիճակով մտահոգությունը շատերի կողմից կարծես թե սպասելի էր, իսկ դա արդեն գալիս է նրա կերպարի ընկալումից: Հասարակության մի մասի մոտ այս գործիչի անունը ավելի շատ առնչվում է բարերարության, քան քաղաքականության հետ: Կարեն Կարապետյանին ճանաչում են որպես մեծահարուստ, բիզնեսմեն, Սամվել կարապետյանի եղբայր, և երկու եղբայրները միասին ունեն բարերարների համբավ, ովքեր Հայաստանի սահմաններից դուրս փող են աշխատում և այդ աշխատած գումարից ներդրումներ կատարում Հայաստանում: Այս հանգամանքը Կարեն Կարապետյանին ազատում է մի շարք բացասական ընկալումներից, որ սովորաբար ունեն հանրապետականները: Բացի այդ, Կարեն Կարապետյանի անունը երբևէ չի կապվել կոռուպցիայի, աթոռակռվի հետ, իսկ որոշ դեպքերում ինքն է հրաժարվել պաշտոն ստանալու հնարավորությունից: Այս հատկանիշը միանշանակ չի կարելի համարել միայն դրական, քանի որ քաղաքականության մեջ նման ձևով առաջ չեն գնում, իսկ իր ժողովրդի համար քաղաքականության միջոցով լավ պայմաններ ստեղծել ցանկացողը առնվազն պետք է ձգտի քաղաքական դաշտում ավելի ազդեցիկ դիրք զբաղեցնի, ինչու չէ՝ նաև պաշտոն: Սակայն վերջին տարիներին այս գործիչը քաղաքական դաշտում աչքի է ընկնում միայն պասիվությամբ: Թերևս ակտիվանալու ցանկություն Կարապետյանը ցուցաբերել էր 2007թ., երբ տարիներ շարունակ ժովորդական պատգամավոր ու անկուսակցական լինելուց հետո Կարեն Կարապետյանը որոշեց հանդես գալ արդեն «Միավորում Հանուն Հայաստանի» կուսակցությամբ և շատ արագ կերպով իր շուրջը համախմբեց բազմաթիվ մարդկանց: Կուսակցությունն ինչ-ինչ պատճառներով չկայացավ և մեկ տարի անց Կարապետյանը կրկին ընտրվեց ԱԺ պատգամավոր՝ արդեն ՀՀԿ-ի կազմում, նույն տարում դարձավ նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 2011-ին, երբ Կարեն Կարապետյանը հրաժարական տվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, շատերը մտածում էին, որ նա կնվազեցնի կամ կդադարեցնի նաև իր բարեգործական գործունեությունը, սակայն դա տեղի չունեցավ: Ընդ որում, ՄՀՀ կուսակցության կայանալու դեպքում Կարապետյանի հնարավորություններն ավելի մեծ կլինեին, իսկ ՀՀԿ-ում նրա հնարավորություններն, անշուշտ, ավելի սահմանափակ են, դրան էլ գումարած՝ իր պասիվությունը: Եվ ահա այսքանից հետո պատգամավորը տվեց վերընշված հարցազրույցը, ինչը նրա քաղաքական կենսագրության մեջ կարող է շրջադարձային նշանակություն ունենալ, քանի որ Կարապետյանը բացահայտ հայտնեց իր անհամաձայնությունները նորանշանակ կառավարության հետ, հատկապես պարտադիր կուտակայինի հարցում՝ իր անհամաձայնությունը Հովիկ Աբրահամյանի հետ, ինչի ենթատեքստից կարելի է ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետ լինելն էլ Կարեն Կարապետյանի սրտով չէ: Բացի այդ, Կարապետյանը որ միայն քննադատեց, այլ նաև հիմնավորեց իր քննադատությունները՝ հասկացնելով, որ բոլոր իր կողմից նշված հարցերն ինքը կլուծեր ավելի լավ, ժողովրդի համար ավելի ձեռնտու տարբերակներով: Հետևաբար Կարեն Կարապետյանի այս հանկարծակի ակտիվացումը կարելի է անուղղակի կերպով համարել երկրի վարչապետ դառնալու հայտ, քանի որ ներկա կառավարության և կառավարության ղեկավարի հետ ՀՀԿ-ական պատգամավորը ակնհայտորեն հույսեր չի կապում: Սակայն, ինչպես արդեն նշել ենք, Կարապետյանի համար մեծ խնդիր է իր պասիվությունը, ինչը նրան թույլ չի տալիս հասարակության մեջ մեծ կշիռ ունենալ, ուստի վարչապետ դառնալու հավակնություններ ունենալու դեպքում Կարեն Կարապետյանը միանշանակ պետք է աշխատի այդ ուղղությամբ և ակտիվանա: Իսկ թե որքանով դա իր մոտ կստացվի՝ ցույց կտա ժամանակը: Համենայն դեպս, հեշտ չի լինի, քանի որ Կարեն Կարապետյանը, բացի վերոհիշյալից, չունի նաև թիմ, առանց որի գործունեությունն անարդյունք կլինի: Ժամանակին, երբ Կարապետյանը ժողովրդական պատգամավոր էր, ստեղծվող կուսակցության համար արագ կերպով կարողացավ հավաքել մեծ թիմ: Տեսնենք, կկարողանա՞ նույն կերպ գործել արդեն հիմա:

Միհրան Համբարձումյան 
http://maxinfo.am/61437.html#sthash.Jb0aSlC2.dpuf