Վարչապետ Հ.Աբրահամյանը հայտարարեց,որ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրեն 2000 դրամ հոսանքի սուբսիդավորման համար, հաշվի չառնելով, որ հոսանքի թանկացման դեպքում, կթանկանան նաև բոլոր ապրանքները : Նորից ՀԷՑ-ի օգտին սուբսիդավորման համար ՀՀ բյուջեից, այսինքն, ՀՀ քաղաքացիների և ընկերությունների հարկերի գումարից կտրամադրվի
2.5 մլրդ, դրամ:
Վարչապետ Հ.Աբրահամյան. - «Հասարակությունում տարածված է այն մտայնությունը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է բաշխիչ ցանցերում առկա չարաշահումներով, ժողովրդական լեզվով ասված՝ թալանով: Չեմ բացառում, որ չարաշահումներ եղել են, բայց ուզում եմ հայտարարել, որ անկախ նրանից, թե ինչպիսի եւ ինչ չափերի չարաշահումներ են եղել, դրանցից ոչ մի լումա չի հաշվարկվել սակագնի մեջ: Օրինակ հանձնաժողովն իր գործառույթների շրջանակներում ուսումնասիրել է գնումների գործընթացը, եւ շուկայական գներից ցանկացած շեղում հայտնաբերելու դեպքում կրճատում է այդ ծախսերը՝ թույլ չտալով, որ ընկերությունը բարդի այդ բեռը սպառողի ուսերին»,- ասաց Աբրահամյանը: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ սակագնի հաշվարկման մեջ ընդգրկված չեն նաեւ ճոխությունները, մասնավորապես թանկարժեք մեքենաների վարձակալումը եւ բնակարանների եւ տարածքների վարձակալությունը: Հետո Աբրահամյանը նշեց, թե կա երեք պատճառ, համաձայն որոնց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է:
«Առաջին պատճառը վերջին տարիների սակավաջրությունն է, մեր հիդրոէլեկտրակայանների արտադրած հոսանքն անհամեմատ ավելի էժան է, քան ջերմակայանների արտադրանքը»,- ասաց վարչապետը:
Երկրորդ պատճառն ըստ Հ.Աբրահամյանի ատոմակայանի տուրբինի չպլանավորված կանգառն էր: Դա եղել է երկու տարի առաջ:
«Երրորդ պատճառը վերջին երեք տարիներին ազգային արժույթի քսան տոկոսով արժեզրկումն է, որն ազդել է սակագնի ինքնարժեքի վրա»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ համակարգն ունի վնասներ, որոնք պայմանավորված են օբյեկտիվ պատճառներով: «Բնականաբար այդ վնասները կա՛մ փոխհատուցվում են սակագնի փոփոխությամբ, կա՛մ պետական սուբսիդավորմամբ: Մենք հնարավոր չենք համարել համատարած սուբսիդայի տարբերակը՝ համարելով, որ այն պետք է կիրառվի միայն թիրախային սոցիալապես անապահով խավի համար»,- ասաց վարչապետը: Նա նշեց, թե հնարավոր մի քանի վտանգներ կարող են առաջանալ, եթե սակագինը չբարձրանա: Մասնավորապես կլինեն հովհարային անջատումներ:
«Իշխանությունը պարտավոր է մտածել սակագինը մեղմելու մասին»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ իրենց հաշվարկները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր ընտանիք միայն հոսանքի սակագնի բարձրացմամբ պայմանավորված հազար չորս հարյուր դրամի վնաս է կրելու, եւ որպեսզի փոխհատուցեն այդ վնասը, կառավարությունը որոշել է սոցիալապես հարյուր հինգ հազար ընտանիքի նպաստը բարձրացնել երկու հազար դրամով: «Միեւնույն ժամանակ՝ մեր մտահոգությունը միայն սոցիալապես անապահով խավը չէ, հետեւաբար ՏՄՊՀ-ը պետք է ամենօրյա հսկողության տակ պահի հոսանքի սակագնի բարձրացման պատրվակով գնային բարձրացումները, որոնք պետք է անհապաղ կանխվեն»,- ասաց վարչապետը: Եզրափակելով իր խոսքը՝ Հ.Աբրահամյանը նշեց, թե էներգետիկ համակարգում ունեն խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան:
տեսանյութը և նյութը՝ ԳԱԼԱՏՎ կայքից...
www.amediainfo.ru
No comments:
Post a Comment